Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ոգեղեն կյանք

Ոգեղեն կյանք
04.12.2015 | 02:11

Հուսիկ արքեպիսկոպոսը, որ տարիքով բավականին առաջացած էր, մահացավ: Մահացավ, և հայ գաղութը շատ մտահոգվեց, որ ռումինահայությունը հայ եկեղեցիով պիտի մնա անգլուխ: Կային, անշուշտ, հոգևորականներ, բայց կիսագրագետ քահանաներ էին: Նրանք միայն ծիսակատարությամբ կարող էին զբաղվել, բայց ոչ՝ ղեկավար, և մանավանդ ռումինական իշխանությունների առջև չէին կարող ներկայացնել հայությունը, նրա պրոբլեմները: Հայ գաղութի ղեկավարները դիմեցին ինձ, որ ես հոգևորական դառնամ, քանի որ ես տեղացի էի, լավ ռումիներեն գիտեի ամեն ինչով, և փնտրում էին մեկը, որ այդպիսին լինի, որ դժվար կացություններից դյուրավ դուրս գա: Ես, անշուշտ, անակնկալի եկա և մերժեցի.
-Ես հոգևորական լինելու պատրաստ չեմ,- ասացի,- ես շատ գոհ եմ իմ ասպարեզից, սիրում եմ ուսուցչությունը, չեմ կարող` երիտասարդ եմ, անփորձ եմ, և այլն, և այլն:
Երևակայեցեք, վեց ամիս տևեցին այդ խոսակցությունները: Ինձ վրա բարոյական ճնշում գործադրում էին, թե դու անպայման պետք է ընդունես ազգի շահերի համար: Նույնիսկ նրանցից մեկն ասաց.
-Եղբայր, դու հիմա հոգևորական վարդապետ եղիր, պատերազմից հետո թող հեռացիր, եթե ուզում ես:
-Ինչպե՞ս կարելի է,- ասացի,- այդպես անլուրջ մոտենալ այդ հարցին:
Մի խոսքով: Ի վերջո, երևակայեցեք, համակերպվեցի և ընդունեցի հոգևորական դառնալ: Բայց հոգևորական դառնալու համար պետք էր, որ մի եպիսկոպոս ինձ ձեռնադրեր քահանա, վարդապետ: Բայց ճանապարհները փակ էին, պատերազմի շրջան էր, չէի կարող ճամփորդել ոչ մի երկիր, որտեղ հայ եպիսկոպոսներ կային: Միայն Հունաստան կար մի հայ եպիսկոպոս, և ես Հունաստան իրապես կարող էի ճամփորդել, ինչպես գիտեք, պատերազմի շրջանին ամբողջ Բալկաններն արդեն ամբողջովին գրավված էին գերմանացիների կողմից, նաև Հունաստանը:
Եվ, ահավասիկ, 1943-ի սեպտեմբերի 20-ին, իմ ծննդյան տարեդարձի օրը, Բուխարեստից ճամփա ելա դեպի Աթենք՝ մի քահանայի ընկերակցությամբ: Այնպիսի վտանգներով անցանք, իսկական ոդիսական էր: Մի 10 օր տևեց, մինչև վերջապես հասանք Աթենք` հոգնած, վախեցած, շվարած, հուսահատված: Բայց այնտեղ հայ գաղութը կար, գտանք եպիսկոպոսին, նա համաձայնեց ինձ ձեռնադրել: Եվ հինգշաբթի օր մը Աթենքի փայտաշեն, շատ համեստ եկեղեցու մեջ ինձ ձեռնադրեց հոգևորական քահանա և վարդապետ:
Ինչպես ընդունված է եկեղեցական կյանքում, իմ հոգևոր ինքնամփոփման և պատրաստման շրջանը ես անցկացրի հյուսիսային Ռումինիայի Սուչավա քաղաքի հայոց հին վանքում` կառուցված դեռևս 1512 թվականին:
Եվ այնտեղ այդ քառասունօրյա շրջանը անցկացնելուց հետո վերադարձա Բուխարեստ: Եվ 1943 թ. նոյեմբերի 28-ին Բուխարեստի հայոց Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցում, խուռն բազմության ներկայությամբ, ես իմ անդրանիկ պատարագը մատուցեցի: Բուխարեստի ողջ հայությունը ներկա էր. ոչ միայն եկեղեցին էր լիքը, այլև ամբողջ շրջապատը:
Ահա այսպես սկսվեց իմ հոգևոր կյանքը:
...Սկզբին, պետք է ասել, որ ես իբրև հոգևորական շատ մտահոգված էի, թե եկեղեցու ճակատագիրն ինչ պիտի լինի. գիտեինք, որ Սովետմիության մեջ եկեղեցական կյանքը գրեթե արգելված է և, մանավանդ, մինչև պատերազմը: Սակայն այդպես չեղավ, անշուշտ, և որոշ հնարավորություններ ստեղծվեցին, որպեսզի եկեղեցին իր գոյությունը շարունակե պահպանել` իր արարողություններով, իր ամեն ինչով: Նաև Ռումինիո մեջ այդպես եղավ, ոչ միայն հայերի համար: Այսպիսով, մի տեսակ նոր կյանք սկսվեց նաև հայ գաղութի մեջ, և հարաբերություններ ուզեցինք ստեղծել նաև Սովետական Հայաստանի հետ:

Հրապարակման պատրաստեց
Հովհաննես ՊԱՊԻԿՅԱՆԸ

Դիտվել է՝ 1501

Մեկնաբանություններ